Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նա հայտնում է, որ նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից 2-րդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50000 դրամի փոխարեն սահմանելով 150000 դրամ: Նախարարը հավելել է նաև, որ նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:
«Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնն՝ արձանագրելու համար թեկուզ փոքր ձեռքբերումներ: Այդ կապակցությամբ, կառավարության քննարկմանն եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ»,- գրել է Մանե Թանդիլյանը:
Նա հավելել է, որ առկա նպաստների չափերը, իհարկե, հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում փոքր փոփոխությունների հնարավորություն կա:
Նախարարը հայտնել է, որ առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը: